30  10  2019

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ձերբակալվածների պահման վայրերում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ձերբակալվածների պահման վայրերում

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նախագծի ուսումնասիրությունը վկայում է, որ նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է՝

·         ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի և քնի իրավունքը,

·         ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի,  ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,

·         ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,

·         օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,

·         պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման խոչընդոտը:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:

Նախագծի այլ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նկատառումները կներկայացվեն կարծիքի տեսքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ