14  10  2019

ՍԴ որոշումը վերջնական է, այլ շարունակություն չի կարող լինել.Արա Ղազարյան․Tert.am

ՍԴ որոշումը վերջնական է, այլ շարունակություն չի կարող լինել.Արա Ղազարյան․Tert.am

Tert.am-ը գրում է․ «Թեև այս պահին դեռևս հրապարակված չէ,  թե ինչ հիմքով է ՍԴ-ն մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը՝ բովանդակայի՞ն, թե՞ ընթացակարգային,  այդուհանդերձ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը վերջանական է և գործընթացն այլ շարունակություն չի կարող ունենալ:  

«ՍԴ-ի նկատմամբ որևէ վերահսկողական մարմին չկա ու չի էլ կարող լինել, սա բնականաբար, վերջնական որշում է, ու ցանկալի է, որ եթե նույնիսկ այս որոշումը քննադատության ենթարկվի, ապա գոնե մեծ զսպվածությամբ, որովհետև խոսքը Սահմանադրական դատարանի մասին է»,-ասաց Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի անդամների նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել նման որոշումից հետո: «Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն բացառվում է ՍԴ-ի նկատմամբ որևէ ճնշում, չպետք է որևէ ճնշում լինի: Եթե լինեն, ուրեմն իմացեք, որ դրանք ամբողջը խախտումներ են: Իշխանության մյուս երկու ճյուղերի կողմից կարող են կարծիքներ, անհամաձայնություն հնչեցնել, կարող են քննադատեն, բայց չեն կարող ասել, որ անօրինական որոշում  է, ուղղակի Եվրոպական կոնվենցիան, որը Եվրոպայի սահմանդրությունն է համարվում, արգելում է դատավորների նկատմամբ ոտնձգությունները»,-ասաց նա:

Իսկ թե կարող են այլ միջոցներ գտնել դատարանի նկատմամբ ճնշումներ գործածելու համար, ինչպես, օրինակ, առանձին անդամների դեմ քրգործեր հարուցել, անճշտություններ գտնել և այլն, Արա Ղազարյանը պատասխանեց, որ պետք է սպասել։ «Ցանկալի չէ, որ նման զարգացումներ լինեն, պետք է սպասել, տեսնել արդյո՞ք  կշարունակվի դա, թե ոչ և արդյո՞ք դա կապ ունի Հրայր  Թովմասյանի հետ, թե ոչ: Լավ, ինչքան կարելի է, ենթադրենք այդ մարդիկ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից, հետո ինչ, հո՞ չենք վերցնելու դատավորի անփոխարինելիության սկզբունքը փոխենք դատավորի  փոխարինելիության սկզբունքով: Ամեն նոր իշխանության հետ դատարանի կազմն էլ հո՞ չպետք է փոխվի: Դրա համար էլ այդ երաշխիքները դրված են, որ քաղաքային իշխանության փոփոխությունը չբերի դատական իշխանության փոփոխության, որ դատավորները կարողանան աշխատել ու աշխատեն անկախ, թե չէ ամեն քաղաքական իշխանության փոփոխվելով դատավորների փոփոխվելը նշանակում է՝ նրանք անկախ չեն»,- ասաց Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ տեսականորեն բոլոր դեպքերում որևէ կարգապահական վարույթ չպետք  է կապ ունենա կոնկրետ դատական  ակտի հետ: «Դա պետք է կապ ունենա վարքագծի հետ, որովհետև խոսքը կարգապահական վարույթի մասին է, տեսականորեն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին ասել է, որ  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները չպետք է պայմանավորված լինեն նրանց որոշումներով, դա պետք է պայմանավորված լինի վարքագծով, միակ բացառությունը՝ եթե դատական ակտը կայացվել է պրոֆեսիոնալիզմի անթաքույց բացակայությամբ, իսկ նման դեպքեր հազարից մեկ է լինում,  մնացած դեպքերում, եթե դատարանը կայացնում է որոշում, որի վերաբերյալ կարող է երկու կարծիք լինել, դա չի նշանակում, որ դրա հիմքով պետք է բերել կարգապահական վարույթ, սա Վենետիկի հանձնաժողովը 10-15 տարի անընդատ ասում է»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ ՍԴ որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ՄԻԵԴ-ը կոնկրետ գործերով, իսկ ՍԴ-ի որոշումն աներկբա է:  

Հարցին, թե իշխանական թևերի միջև հակասություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, փաստաբանը նշեց, որ իշխանության տարանջատման սկզբունքին զուգահեռ որոշակի վերահսկողություն պետք է լինի: «Իշխանության տարանջատման սկզբունքն իրականում չի նշանակում, որ պետք է իրարից հեռանան, պետք է շոշափելի չլինեն, ոչ, ինչ-որ տեղ պետք է շոշափելի լինեն և դրա վառ ապացույցը հենց այս է, որ օրենսդիր իշխանութունը կարողանում է կարգապահական վարույթ հարուցել ՍԴ-ի նկատմամբ՝ իրականցնելով իր վերահսկողությունը որպես Աժ: Բայց բոլոր դեպքերում դա պետք է արվի խիստ զգուշորեն, դա պետք ունենա կոնկրետ փաստական հիմք և չպետք է լինի քաղաքականացված: Հիմա ԱԺ-ն բերեց այդ նախագիծը և ասաց, որ ես իրականցնում եմ իմ վերահսկողական ֆունկցիան։ Շատ լավ, հիմա էլ ՍԴ-ն մերժեց, վերջ, ուրեմն պետք է դրանով էլ ավարտվի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ