08  10  2019

ՍԴ նախագահը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական հիմնախնդիրները

ՍԴ նախագահը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական հիմնախնդիրները

2019 հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Այս մասին հայտնում է ՍԴ-ի լրատվության բաժինը։

Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային հարաբերություններին և հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ և ակտիվ համագործակցությանը կկրի շարունակական բնույթ:

Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի Սահմանադրական դատարանների միջեւ ձեւավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ անդրադառնալով 2019 թվականին Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած արդյունավետ այցի մանրամասներին։

Թովմասյանը դեսպանին հայտնել է, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը գոհունակությամբ է խոսել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) իրավական ծրագրի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների և փորձագետների հետ իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին և բարեփոխումներին՝ կարևորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ