08  10  2019

ԵԽ-ն կարող է արձանագրել՝ ՀՀ-ում չի հարգվում դատավորի իրավունքը․ փաստաբան․168.am

ԵԽ-ն կարող է արձանագրել՝ ՀՀ-ում չի հարգվում դատավորի իրավունքը․ փաստաբան․168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «2016 թվականի ապրիլյան դեպքերով ՄԻԵԴ-ում քննության մեջ է գտնվում 23 գործ, արդեն սպասում ենք վճռին: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:

«Դրանք վերաբերում են զինծառայողներին, քաղաքացիական երեք անձանց, որոնց մարմինները խոշտանգվել էին մահանալուց հետո: Գործերի մյուս խումբը վերաբերում է գնդակոծություններին և բնակիչների տեղահանությանը: Այս խմբաքանակից դատարանն ընտրել է երկու գործ, մեկը՝ Թալիշի մի բնակչից, մյուսը՝ Մատաղիսի: Գործի քննությունը սկսվել է, այսինքն՝ կոմունիկացվել է: Ի դեպ, մի գործ էլ Ադրբեջանի կողմից են վերցրել»,- նշեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին, Արա Ղազարյանն ասաց, որ նա շարունակվում է պահվել արտաքին աշխարհից կտրված:

«Նրան հնարավորություն չեն տալիս կապ հաստատելու ծնողների հետ՝ ուղղակիորեն, չմիջնորդավորված: Մինչ այժմ սա իրականացվում է Կարմիր Խաչի միջոցով, բայց դա անվերապահ բնույթ չի կրում, այսինքն՝ Կարմիր Խաչից և Ադրբեջանի իշխանություններից է կախված՝ Կարենը կարո՞ղ է նամակ գրել ծնողներին, թե՞ ոչ: Անբացատրելի է՝ ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս կապ հաստատել ընտանիքի հետ, երբ դատն ավարտվել է: Եվրոպական դատարանին այս ամենն ամբողջովին տեղեկացրի, խնդրեցի շտապ կոմունիկացնել, որովհետև Կարենը գտնվում է արտաքին աշխարհի հետ կապի բացակայության պայմաններում, Եվրոպական դատարանն ասաց, որ պատրաստվում են շուտով գործը կոմունիկացնել»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը:

Մեր խնդրանքով Արա Ղազարյանը մեկնաբանեց նաև ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման խնդիրը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել են 101-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ-ն նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցի նախագծի քվեարկությանը:Նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

«Հիմա Սահմանադրական դատարանի դատավորները պիտի որոշում կայացնեն: Այսինքն՝ կարգապահական վարույթի շրջանակում կամ կմերժեն կարգապահական տույժ կիրառելը, կամ՝ կհաստատեն: Ամենայն հավանականությամբ՝ կմերժեն»,- ասաց Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ հեղինակության վրա այս իրավիճակից բխող հնարավոր ռիսկերին, միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց. «Այս ամենը և՛ կոնկրետ գործերով կարող է խնդիր ստեղծել, և՛ ՀՀ-ի՝ Եվրոպայի խորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Հայաստանը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և Եվրոպայի խորհրդի մարմինները կարող են արձանագրել՝ ՀՀ-ում չի հարգվում իշխանությունների տարանջատման սկզբունքը, դատավորի անկախության իրավունքը, քանի որ գործադիր իշխանությունը, օգտվելով իր ռեսուրսներից, ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ: Մի առիթով ասել եմ՝ եթե այսպես շարունակվի, կարող է քննարկումներ կազմակերպվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, այսինքն՝ օրակարգ մտցվի ՀՀ-ում դատարանի նկատմամբ վերաբերմունքի հարցը: Սա երկրի հեղինակության վրա է ազդում, չեմ հասկանում՝ ինչու է անհրաժեշտ, որ գործադիրը դատարանի նկատմամբ նման հարձակումներ իրականացնի»:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը՝ Ղազարյանը նշեց, որ սկզբում դրվել էր այն գաղափարը, թե պետք է դատավորներին փոխել:

«Սա մեկ տարի առաջ էր, երբ ոգևորված որոշում էին դատական համակարգն ամբողջովին փոխել: Հիմա հիմքում դրվել է բարեվարքության գաղափարը, որը նշանակում է՝ ուսումնասիրել դատավորի արժեքային համակարգը՝ տեսնելու դրա համապատասխանելիությունը ժողովրդավարությանը, ոչ թե «հեղափոխության» ծրագրի օրակարգին:

Չգիտեմ՝ ի վերջո իշխանություններն ինչ կորոշեն՝ ազատվել դատավորների մեծ մասի՞ց, թե՞ նրանցից, որոնք չեն համապատասխանում բարեվարքության պահանջներին: Կարծում եմ՝ երկրորդը կընտրեն: Այսինքն՝ չեն տրվի այն գայթակղությանը, որ քաղաքական իրենց օրակարգից ելնելով՝ փոխեն դատավորներին:

Դատավորին փոխելը շատ դժվար գործ է այն համակարգում, որն աշխատում է երեք անգամ ավելի ծանրաբեռնված, քան կարող են: Իսկ սա ազդում է արդարադատության որակի վրա, ուստի պետք է մտածել դատավորների թիվը շատացնելու մասին, քանի որ արված բարեփոխումները չաշխատեցին, երբ Երևանի տարածքի դատարանները միացվեցին մեկ դատարանի մեջ, որ իբր դատավորները հավասարաչափ բեռնվեն, դա չաշխատեց: Նրանք դարձյալ շարունակում են ծանրաբեռնված աշխատել, գործերի քանակն էլ ոչ թե նվազում է, այլ աճում է: Բացի այս, դատական նիստերի միջև ընկած ժամանակահատվածն է գնալով մեծանում, որը նշանակում է՝ ավելի ծանրաբեռնված են աշխատելու:

Կարելի է այդ ուղղությամբ մտածել, ոչ թե անվերապահ փոխել դատավորներին: Լավը պետք է թողնել՝ դատական ակտեր, իրավունքի և իրավաբանության զարգացում, իսկ բացասականը պետք է հանել, դա նախևառաջ կոռուպցիան է և այն դատավորները, որոնք կոմպետենտ չեն: Իհարկե, նրանց թիվը շատ քիչ է, ավելի քիչ, քան ներկայացվում է»,- հավելեց նա:

Հարցին՝ եթե դատավորը ստանա մոտ 2 միլիոն դրամ աշխատավարձ, կոռուպցիոն ռիսկերն իրապես կնվազե՞ն, Արա Ղազարյանը դրական պատասխան տվեց. «Դա ուղղակիորեն կապ ունի, քանի որ այդքան աշխատավարձի դեպքում քիչ հավանական է, որ նա կտրվի գայթակղությանը, քան այն դատավորը, որ 350-400.000 դրամ է ստանում: Բայց մյուս կողմից՝ այս դեպքում պետք է պահանջը մեծացնել, այդ թվում՝ վարքագծի համապատասխանելիության:

Չես կարող դատավորից շատ պահանջել, երբ նա օրական 12 ժամ է աշխատում, շաբաթն էլ առնվազն 6 օր՝ գտնվելով քննադատության, հանրային պարսավանքի տակ և այնպիսի վտանգի, որ ցանկացած պահի որևէ կարգապահական մարմին կարող է քննարկման առարկա դարձնել իր որոշումը, որի իրավունքը չպետք է լինի»:

Ինչ վերաբերում է փաստաբանների թիրախավորմանը, հատկապես նրանց, որոնք ընդգրկված են հնչեղություն ներկայացնող գործերում, Արա Ղազարյանն ընդունեց, որ քաղաքական առումով զգայուն գործերի դեպքում փաստաբանները զերծ չեն հասարակության կողմից թիրախավորումից:

«Այս դեպքում փաստաբանի նկատմամբ հրապարակային սպառնալիքների, վիրավորանքի դեպքերով պետական մարմինը վարույթ պիտի հարուցի: Հիմա կարծես թե մեղմվել է իրավիճակն այս առումով, հիմնականում գնում է սուր քննադատություն, որը տեղավորվում է ազատ խոսքի շրջանակներում»,- եզրափակեց փաստաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ