13  08  2019

ԲԴԽ անդամը՝ Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման մասին. Փաստինֆո

ԲԴԽ անդամը՝ Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման մասին. Փաստինֆո

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխումն իրականացնելու է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա հավելեց, որ Ռ. Քոչարյանի աջակիցների ԲԴԽ ներկայացրած գրությունը նույնպես այդ հարցին է վերաբերում, որին պատասխանելիս կտեղեկացնեն մանրամասների մասին։

«Եթե չեմ սխալվում, քանի որ գործը հիմա Վճռաբեկ դատարանում է, դատարանը պետք է ստանա, որ մակագրումն իրականացվի։ Առաջիկայում մանրամասների մասին կտեղեկացնենք», - ասաց Գրիգոր Բեքմեզյանը։

Մեր այն հարցին արդյոք ստացել են Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Ռ. Քոչարյանի գործերի վերաբաշխմանը ներկա գտնվեն նաև լրագրողները և փաստաբանները, ԲԴԽ անդամն ասաց ՝ տեղեկատվություն չունի, որ իրենց նման միջնորդություն է եկել. «Եթե ստանանք այն, իհարկե, պետք է ուսումնասիրենք և անպայման պատասխանենք։ ԲԴԽ խորհրդով կորոշենք, քանի որ մենք կոլեգիալ մարմին ենք», - ավելացրեց Գրիգոր Բեքմեզյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Դատախազությունը ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Օրենքի ուժով կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչը ենթադրում է, որ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը մակագրվելու են ուրիշ դատավորների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։

Նշենք, որ ավելի վաղ  դատական դեպարտամենտից տեղեկացել էինք, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ և ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ