13  08  2019

Սահմանապահ զորքերի զինծառայողը 3 միլիոն դրամ է հափշտակել․ ԱԱԾ

Սահմանապահ զորքերի զինծառայողը 3 միլիոն դրամ է հափշտակել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։

Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ